Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որպեսզի Թուրքիան աջակցի Ադրբեջանի հետ խաղաղությանը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
«Սա այն է, ինչ մենք հետապնդում ենք»,- ասել է նա՝ հավելելով, որ Անկարան հույս ունի լուծել Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրները, քանի որ երկու կողմերն էլ խաղաղության կողմնակից են։
Ըստ Էրդողանի՝ երկու երկրների միջև խաղաղությունը դռներ կբացի նոր հնարավորությունների և օգուտների համար, և Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես առաջ կընթանա։
Սեպտեմբերի 25-ին Էրդողանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացի հետ։
Սեպտեմբերի 24-ին Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել էր Էրդողանի հետ։ Զրուցակիցներն անդրադարձ էին կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում առկա պայմանավորվածություններին, ընդգծել կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը։