Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին զգուշացնում է «դադարեցնել վտանգավոր խաղերը», փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Վերջ տվեք վտանգավոր խաղերին։ Մի կողմից խոսում են խաղաղությունից, մյուս կողմից՝ սպառազինվում։ Ո՞վ է նրանց զենք տալիս: Ֆրանսիան և այլ հակաադրբեջանական երկրներ։ Ինչո՞ւ են նրանց անվճար տալիս այդ զենքերը։ Ինչքան էլ փորձեն, ոչինչ չի ստացվի»,- օկուպացված Արցախ կատարած այցի ժամանակ հայտարարել է Ալիևը։
Նա երրորդ երկրներին կոչ է արել հանգիստ թողնել Հարավային Կովկասը, «հանձնվել, գնալ և զբաղվել իրենց գործերով, իրենց խնդիրներով․ «Սա իմ նախազգուշացումն է՝ ով լսի և հետևի դրան, չի սխալվի»։
Ալիևը հիշեցրել է Արցախյան երկրորդ պատերազմը և հայտարարել, որ Հայաստանը «հրադադար էր խնդրում, օրը 10 անգամ դիմում Ռուսաստանին՝ պատերազմը դադարեցնելու համար»։
Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն ապրիլի 2-ին Ադրբեջանին մեղադրել էր Հայաստանի սահմանին հակամարտության սրման մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ և ասել, որ Ադրբեջանի հռետորաբանությունը դուրս է գալիս վերահսկողությունից։
Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը 2023 թվականի նոյեմբերին հայտարարել էր, որ Հայաստանին զենքի տրամադրումը կարող է «պատերազմի վերսկսման պատճառ դառնալ»։
2023 թվականի հոկտեմբերի 17-ին քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Ալիևը նրանց խոստացել էր «վերադառնալ» Սյունիքի մարզ «ոչ թե տանկերով, այլ մեքենաներով»։ Ապրիլին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել էր 20-րդ դարում Հայաստանից հեռացած ադրբեջանցիների վերադարձի համար պայմաններ ստեղծելու հեռանկարը և նշել, որ դա հնարավոր կլինի խաղաղության պայմանագրի կնքմամբ։