Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը վերսկսել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմպիչմենթի գործընթացը՝ կառավարության հետ չհամաձայնեցված նրա արտասահմանյան այցերի պատճառով, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
«Մեր Սահմանադրությունն այն հիմնարար ակտն է, որում հատկապես արտացոլված է վրացի ժողովրդի կամքը, հետևաբար, դրա կանխամտածված, բացահայտ խախտումը չի կարող անարձագանք մնալ։ Ելնելով դրանից՝ խորհրդարանական մեծամասնությունը որոշել է վերսկսել [նախագահի] իմպիչմենթի ընթացակարգը և պատրաստել սահմանադրական նոր առաջարկ, որը կներկայացվի Սահմանադրական դատարան մինչև խորհրդարանական ընտրությունները»,- ասել է Պապուաշվիլին ճեպազրույցում։
Ինչպես նշել է խորհրդարանի խոսնակը, նախագահը շարունակում է «կոպտորեն խախտել Սահմանադրությունը»՝ առանց կառավարության համաձայնության կատարելով նոր արտասահմանյան այցեր։ Եվ այս ամենն այն բանից հետո, երբ 2023 թվականի վերջին Սահմանադրական դատարանը ճանաչել էր Զուրաբիշվիլիի կողմից հիմնական օրենքի խախտումը։ Անցած շաբաթ Զուրաբիշվիլին այցելել էր Ֆրանսիա, Գերմանիա, Լեհաստան և Բելգիա։
Սալոմե Զուրաբիշվիլիի և իշխող կուսակցության հարաբերություններն սկսել էին վատթարանալ նրա նախագահության մեկնարկից երեք տարի անց։ Նախագահը 2023 թվականի մարտի 31-ին խորհրդարանին էր ներկայացրել իր տարեկան զեկույցը, որտեղ նա, ի թիվս այլի, «Վրացական երազանքին» մեղադրում էր արևմտամետ ուղուց շեղվելու մեջ։ Կառավարությունը դադարեցրել էր նրա արտասահմանյան այցերը, և իշխող կուսակցությունը նրա նկատմամբ իմպիչմենթի գործընթաց էր սկսել։
Հոկտեմբերին Վրաստանի Սահմանադրական դատարանը հաստատել էր Զուրաբիշվիլիի կողմից երկրի սահմանադրության 52-րդ հոդվածի խախտումը, ըստ որի՝ նախագահն իրավունք ունի արտաքին հարաբերություններում ներկայացուցչական գործառույթներ իրականացնել միայն կառավարության թույլտվությամբ։ Խորհրդարանում քվեարկության ժամանակ Զուրաբիշվիլիի իմպիչմենթը պաշտպանել էր 86 պատգամավոր՝ պահանջվող 100-ի փոխարեն։