Թեհրանում կայացած Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպմանը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Բաքվին նախազգուշացրել է տարածաշրջանում դրսի ուժերի հաստատման բացասական հետևանքների մասին, հայտնում է Tasnim-ը։
«Իրանը պնդում է, որ ոչ մի պետության ինքնիշխանություն չպետք է անտեսվի, ասել է նախագահը՝ զգուշացնելով, սակայն, որ տարածաշրջանում օտար երկրների հենակետի հաստատումը չի բխում տարածաշրջանի երկրների շահերից»,- մեջբերում է գործակալությունը Փեզեշքիանի խոսքերը։
Նա հույս է հայտնել, որ համագործակցության միջոցով կարող են ապահովել անվտանգությունը և լուծել խնդիրները։
Իրանի նախագահը նաև ողջունել է Իրանի և Ադրբեջանի միջև երկաթուղային և ցամաքային կապերի ընդլայնման նախաձեռնությունները՝ ասելով, որ Թեհրանը ձգտում է խթանել համագործակցությունը Բաքվի հետ տարբեր ոլորտներում, ինչպես, օրինակ, էներգետիկ ոլորտը և գյուղատնտեսությունը:
Հակոտեմբերի 1-ին Իրանը հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ հարվածներն իրականացվել են ի պատասխան Իսրայելի կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի, լիբանանյան «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի, ինչպես նաև ԻՀՊԿ գեներալ Աբբաս Նիլֆորուշանի սպանության։
Իսրայելի բանակը հայտարարել էր, որ իսրայելական և ԱՄՆ հակաօդային պաշտպանության համակարգերն արդյունավետ են գործել և խոցել են Իսրայելի վրա արձակված իրանական 180 հրթիռներ։ Ըստ նրանց՝ իրանական հրթիռակոծության արդյունքում Թել Ավիվի տարածքում երկու մարդ թեթև բեկորային վնասվածք էր ստացել։ Իսրայելը նաև հայտարարել էր «Մերձավոր Արևելքին հզոր հարվածներ հասցնելու» մտադրության մասին։
Հոկտեմբերի 2-ին Փեզեշքիանը խոստացել էր Իսրայելի հնարավոր հարձակման դեպքում ավելի կոշտ պատասխան տալ։ Հոկտեմբերի 5-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը պարտավոր է և իրավունք ունի պատասխանել Իրանի հարձակմանը։ Հոկտեմբերի 6-ին Թեհրանը հայտնել էր Իսրայելի հնարավոր գործողություններին պատասխանելու ծրագրերի մասին։