Ռուսական կողմը չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Պարզապես չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը և այս տերմինաբանությունը։ Բոլորովին այլ թեմա է հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին ռուս սահմանապահների առկայության հարցը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին։
Զախարովան նաև մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում Ռուսաստանի ներկայացուցիչներին կարող են վերապահվել մոնիթորինգի գործառույթներ՝ գնահատելու համար, թե որքանով է Հայաստանը կատարում իր պարտավորությունները՝ իր տարածքով անցնող տարածաշրջանային երթուղիների անվտանգությունն ապահովելու համար։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ ռուսական կողմը ելնում է այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձևաչափի շրջանակներում։ Նա հավելել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների ղեկավարությամբ եռակողմ աշխատանքային խմբում մեծ աշխատանք է կատարվել, համաձայնեցվել են երկաթուղային հաղորդակցության ապաշրջափակման հիմնական պարամետրերը, այդ թվում՝ Հայաստանի Սյունիքի մարզով տարանցումը Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական տարածքի միջև։
«Գործի շահերից ելնելով` նպատակահարմար է համաձայնեցնել մնացած հարցերը և տարբեր մեկնաբանությունները նույն ձևաչափով, որտեղ դրանք դիտարկվել են: Ուստի մենք սրան այլընտրանք չենք տեսնում, և կշարունակենք աշխատել այս ուղղությամբ»,- եզրափակել է Զախարովան։