Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը պայմանավորվել են շարունակել ջանքերը խաղաղության պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կայացել է Ստամբուլում՝ «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի շրջանակներում։
Նշվում է, որ կողմերը շարունակել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի շուրջ բանակցությունները։
Ստամբուլում հոկտեմբերի 18-ին մեկնարկել էր «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպումը, որի մասնակցում էին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները։ Հանդիպման շրջանակներում Միրզոյանը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել էին ու քննարկել Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը։