Հոկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքն ու հեռանկարները, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Գերատեսչությունից տեղեկացնում են, որ Պապիկյանը դեսպանին ընդունել է Հայաստանում Վրաստանի նոր ռազմական կցորդի նշանակման կապակցությամբ:
«Պապիկյանը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Թեյմուրազ Մաիսուրաձեին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության զարգացման և ամրապնդման գործում»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և միջազգային զարգացումների վերաբերյալ:
Հուլիսի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ քննարկել էր պաշտպանական ոլորտում գործընկերության ամրապնդման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր։ Հուլիսի 26-ին Հայաստանի և Վրաստանի ԱԺ բարեկամական խմբերը քննարկել էին ռազմավարական գործընկերության ամրապնդումը։