Եվրախորհրդարանի պատգամավորները, որոնք հանդես էին եկել վրացական իշխանությունների քննադատությամբ, հայտարարել են, որ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն անցել է «ատելության և ահաբեկման» մթնոլորտում, իսկ երկիրը, նրանց կարծիքով, հեռանում է ժողովրդավարությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մտավախություն ունենք, որ ատելության և ահաբեկման մթնոլորտը, որին ականատես դարձանք քվեարկության օրը, լրջորեն կդժվարացնի Վրաստանում քաղաքական գործընթացը։ Շատ կարևոր է, որ խախտումները, որոնք նշվել են քվեարկության ընթացքում, հետաքննվեն և հաշվի առնվեն»,- հայտարարել է ընտրություններում Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Անտոնիո Լոպես-Իսթուրիզ Ուայթը:
Եվրապատգամավորը պնդում է, որ պատվիրակությունը որոշ ընտրատեղամասերում ականատես է դարձել քաոսի, բռնության, քվեաթերթիկների լցոնման, քվեարկության գաղտնիության խախտման։ Նա նաև բողոքել է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում օգտագործվել է հռետորաբանություն՝ ուղղված Եվրամիության և, ընդհանրապես, Արևմուտքի դեմ:
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ «Վրացական երազանքը» հավաքել է ընտրողների ձայների 54,09%-ը։ Ընդդիմադիր «Փոփոխությունների կոալիցիան» հավաքել է ընտրողների ձայների 37,6%-ը, «Միասնություն՝ ազգային շարժումը»՝ 10,12%-ը, «Ուժեղ Վրաստանը»՝ 8,78%, «Գախարիան՝ հանուն Վրաստանի» ուժը՝ 7,76%։
Հոկտեմբերի 27-ին Վրաստանի ընդդիմությունը հայտարարել էր ընտրության նախնական արդյունքները չընդունելու մասին։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ, ինչպես նաև Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի և Սամտրեդիայի ու Չոխատաուրի շրջանների սակրեբուլոյի (շրջանային ժողովի) միջանկյալ ընտրություններ։
Օգոստոսի 19-ին Կոբախիձեն հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրությունները կդառնան խաղաղության և պատերազմի միջև հանրաքվե։