Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։
«Նախորդ շաբաթ Բուդապեշտում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում տիրող վիճակը»,- X սոցիալական ցանցում գրել է Միշելը:
Նա հավելել է, որ ԵՄ-ն պատրաստ է «աջակցել կայուն, խաղաղ և բարգավաճ Կովկասի ստեղծման բոլոր ջանքերին»։
Եվրոպական խորհրդի ղեկավարը Բաքվում է՝ նոյեմբերի 11-ին մեկնարկած կլիմայական փոփոխությունների COP29-ը համաժողովին մասնակցելու նպատակով։
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Միշելը հանդիպել է Ալիևի հետ։ Նա նաև հանդիպել էր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին։
Միշելը հուլիսի 31-ին Փաշինյանին և Ադրբեջանի նախագահին կոչ էր արել ավարտել խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքը։
Հուլիսի 18-ին Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր Լոնդոնում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Փաշինյանի և Ալիևի միջև երկկողմ հանդիպումից Բաքվի մերժման մասին։ Նույն օրն «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էր Փաշինյանի ու Ալիևի հետ Միշելի առանձին հանդիպումների մասին։