Եվրոպայի հայ դատի հանձնախումբը (EAFJD) բաց նամակ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ անընդունելի համարելով նրա կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին COP29-ից առաջ շնորհավորելը։
Հանձնախումբը շեշտել է, որ Արցախի հարցում Միշելի միջնորդությունը ձախողվել է, և նրա գործունեությունը շարունակում է վնասել ԵՄ հեղինակությանը։ EAFJD-ն Միշելին հիշեցրել է, որ ԵՄ միջնորդությամբ բանակցությունները վարել է նա։ Այսպիսով՝ Ադրբեջանը չի կատարել ԵՄ-ի և անձամբ Միշելի՝ որպես ԵՄ-ի անունից գլխավոր բանակցող ստանձնած պարտավորությունները:
EAFJD-ն նաև հիշեցրել է հոկտեմբերի 24-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում ընդունված բանաձևը, որը դատապարտում էր Ադրբեջանին մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտման համար։
Հանձնախմբի նամակի մեջ նշվում է, որ բանաձևն Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա ներկայացնում է որպես մարդու իրավունքների և միջազգային իրավունքի կոպիտ խախտում, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ակնհայտ խախտում և ԵՄ միջնորդությամբ բանակցությունների ընթացքում ստանձնած պարտավորությունների չկատարում։
«Նախագահ Միշելը հրապարակավ մի քանի անգամ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հիմնարար իրավունքները ԵՄ-ի համար սկզբունքային հարց են։ Ի պատասխան՝ Ադրբեջանն իրականացրել է էթնիկ զտումների դասագրքային օրինակ»,- ասվում է նամակում:
Նոյեմբերի 13-ին Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին Եվրոպական խորհրդի նախագահին Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո կոչ էր արել հրաժարական տալ։