Մեզ համար նշանակություն չունի՝ Հայաստանը կմասնակցի/ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29), թե՞ ոչ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը, լինելով ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի անդամ և հյուրընկալելով համաժողովը, միջոցառմանը հրավիրել է ՄԱԿ-ի և Կոնվենցիայի անդամ բոլոր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին։
«Դա մեր պարտավորությունն է, և այդ պարտավորության շրջանակներում Ադրբեջանը հրավեր է ուղարկել նաև Հայաստանին։ Անկեղծ ասած՝ Հայաստանը կմասնակցի, թե ոչ, մեզ այնքան էլ չի հետաքրքրում։ Դա կորոշի հենց Հայաստանը։ Համենայնդեպս, սա Հայաստանի և նրա որոշման ներքին խնդիրն է»,- ասել է նա։
Ըստ Հաջիևի՝ միջոցառումը կարող էր նպաստել «տարածաշրջանում վստահության ձևավորման գործընթացին»։
COP29-ը համաժողովն անցկացվում է նոյեմբերի 11-22-ը։
Հուլիսի 21-ին Հաջիևը հայտարարել էր Բաքվում կայանալիք Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի COP29 համաժողովին Հայաստանին հրավիրելու մասին։ Նոյեմբերի 13-ին նա հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն COP29-ից հետո՝ դեկտեմբերին, կշարունակեն խաղաղության պայմանագրի քննարկումը։