Թբիլիսիի ոստիկանությունը Վրաստանում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջով բողոքի ցույց իրականացնող ցուցարարներին հեռացրել է Պետական համալսարանի մասնաշենքի դիմացի տարածքից, հայտնել է Sputnik Georgia-ն։
Ճանապարհային հատվածն ազատելու իրենց պահանջը ոստիկանները բացատրել են նրանով, որ օրենքով ճանապարհ փակել կարելի է միայն այն դեպքում, եթե դա հարկադրված միջոց է հավաքվածների մեծ թվի պատճառով:
Նշվում է, որ ցուցարարները տեղափոխվել են Մելիքիշվիլիի պողոտա, այնուհետ հեռացել են այնտեղից՝ հայտարարելով, որ շարունակելու են բողոքի ցույցերը և մոտ ժամանակներս հայտնելու են իրենց ծրագրերի մասին:
Վրաստանում ընդդիմադիր «Հանուն փոփոխությունների կոալիցիան», «Միասնություն-ազգային շարժում» կուսակցությունները նոյեմբերի 18-ին նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելու պահանջով փակել էին Թբիլիսիի պետական համալսարան տանող ճանապարհն ու վրաններ տեղադրել։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ հաղթել էր «Վրացական երազանքը»։
Վրաստանի նախագահը, «Հանուն փոփոխությունների», «Միասնություն ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան չէին ճանաչել ընտրությունների արդյունքները։ Բոլոր չորս կուսակցությունները հրաժարվել էին աշխատել նոր խորհրդարանում և նախագահի հետ բողոքի ցույցի էին դուրս եկել։
Օգոստոսի 19-ին Վրաստանի վարչապես Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրությունները կդառնան խաղաղության և պատերազմի միջև հանրաքվե։