Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոյին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի արտաքին գերատեսչությանը։
Պաշտոնական Բաքուն դիվանագետի հետ հանդիպմանը նշել է, որ «նոյեմբերի 19-ին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) համաժողովի 29-րդ նստաշրջանի ընթացքում Ֆրանսիան թիրախավորել է Ադրբեջանի նախագահությունը»։
Բաքուն անընդունելի է համարել «բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի կողմից COP29-ը բոյկոտելու, միջոցառմանը չմասնակցելու հրահրումը»։ Բաքվին անհանգստացրել է նաև Ֆրանսիայի ջանքերով Եվրախորհրդարանում Ադրբեջանի նախագահությունը քննադատող բանաձևի ընդունումը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև մեղադրել է Հայաստանին զինելու մեջ՝ նշելով, որ «Ֆրանսիան այդ քայլերով հարված է հասցնում խաղաղ գործընթացին»։ Բաքուն Ադրբեջանից «պահանջել է դադարեցնել Ադրբեջանի դեմ ուղղված քայլերը, որոնք վտանգում են կարգավորման գործընթացը»։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ COP29-ի շրջանակում Ադրբեջանի իշխանությունների կողմից Ֆրանսիայի և եվրոպացիների դեմ ուղղված անընդունելի հայտարարություններիի համար Փարիզում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ։ Պաշտոնական Փարիզը տեղեկացրել էր, որ այդ անընդունելի հայտարարությունների հետևանքով Ֆրանսիայի շրջակա միջավայրի նախարար Անյես Պանիե-Ռունաշերը ստիպված էր չեղարկել մասնակցությունը համաժողովին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով համաժողովում, խոսել էր, մասնավորապես, Ֆրանսիայի կողմից իր անդրծովյան տարածքներում կատարած «հանցագործությունների» մասին։