Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության անդամների ուղեկցությամբ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի կողմից հայ-ադրբեջանական սահման այցից հետո Ադրբեջանը Վարշավային սպառնացել է «համապատասխան դիվանագիտական միջոցներ» ձեռնարկել։
Բաքուն Դուդայի այցն անվանել է հակաադրբեջանական քաղաքականության ցուցադրություն և նշել, որ Լեհաստանը Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է։ Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև հայտարարել է առաքելությանը Լեհաստանի նախագահի մասնակցությունից հետո Վարշավայի հետ հարաբերությունների վատթարացման մասին՝ չնայած Բաքվի կոչին՝ զերծ մնալ նման «սադրիչ քայլից»։
Այսօր ավելի վաղ Դուդան այցելել էր հայ-ադրբեջանական սահման և ծանոթացել ԵՄ առաքելության գործունեությանը։
Նոյեմբերի 25-ին Լեհաստանի նախագահը կնոջ՝ Ագատա Կորնհաուզեր-Դուդայի հետ ժամանել էր Հայաստան։ Այցի շրջանակներում նախատեսված էր նաև այց Երասխ համայնք՝ մասնակցելու Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության հետ համատեղ պարեկությանը։
Նոյեմբերի 26-ին Դուդան Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Երևանում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Լեհաստանը բոլոր ջանքերը կգործադրի Հայաստանին եվրոպական ընտանիքին միանալուն ավելի մոտեցնելու համար։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեհաստանի նախագահին էր ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ վերջին զարգացումները և հայկական կողմի դիրքորոշումները։