Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իշխանությունները որոշել են օրակարգից հանել Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը մինչև 2028 թվականը և հրաժարվել դրամաշնորհներից, հայտնում է Sputnik Gruzia-ն։
Այս մասին վարչապետը հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության կառավարության և քաղխորհրդի անդամների հետ խորհրդարանական մեծամասնության առաջնորդների հանդիպումից հետո։ Նոր խորհրդարանը վստահություն էր հայտնել Կոբախիձեի գլխավորած կառավարությանը։
Կոբախիձեի խոսքով՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու հարցը օգտագործվում է որպես Վրաստանին շանտաժի ենթարկելու գործիք, ինչպես դա տեղի ունեցավ երկրին ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցում։
Միաժամանակ Կոբախիձեն ընդգծել է, որ կտրականապես անընդունելի է Վրաստանի ինտեգրումը Եվրամիությանը ողորմություն համարելը։
«2028 թվականի վերջը այն ժամանակն է, երբ Վրաստանը, տնտեսական տեսակետից, պատշաճ կերպով պատրաստ կլինի 2030 թվականին Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու համար»,- ասել է Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ որոշումը չի նշանակում, որ Վրաստանը վերջ է դնում եվրաինտեգրմանը։ «Մենք չենք դադարում և շարունակում ենք կատարել ասոցացման համաձայնագրի օրակարգով նախատեսված պարտավորությունները և, ինչպես նշվում է, այսօր հաստատված կառավարության ծրագրում, մինչև 2028 թվականը մենք կկատարենք այդ պարտավորությունների ավելի քան 90 տոկոսը», – ասել է Կոբախիձեն։
Այսօր ավելի վաղ Եվրախորհրդարանը հերթական կոշտ բանաձևն էր ընդունել Վրաստանի վերաբերյալ, որում ասվում է, որ հոկտեմբերի 26-ին երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունները «ժողովրդավարության հետընթացի ևս մեկ դրսևորում էին»։
Բանաձևի համաձայն՝ տեղի են ունեցել լայնածավալ կեղծիքներ, հետևաբար միջազգային հանրությունը չպետք է ճանաչի այս ընտրությունների արդյունքները և միևնույն ժամանակ պետք է կոչ անի Վրաստանին մեկ տարվա ընթացքում կրկին ընտրություններ անցկացնել։
Եվրախորհրդարանը նաև կոչ է արել Եվրամիությանը և ԵՄ երկրներին անձնական պատժամիջոցներ կիրառել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի, վարչապետ Իրակլի Կոբախիձեի, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Ղարիբաշվիլիի դեմ։
Այսօր ավելի վաղ Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ Կոբախիձեին հաստատել էր վարչապետի պաշտոնում։
Նոյեմբերի 27-ին Վրաստանում խորհրդարան անցած երկրորդ ուժը հայտարարել էր մանդատներից հրաժարվելու մասին։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ հաղթել էր «Վրացական երազանքը»։
Վրաստանի նախագահը, «Հանուն փոփոխությունների», «Միասնություն ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան չէին ճանաչել ընտրությունների արդյունքները։ Բոլոր չորս կուսակցությունները հրաժարվել էին աշխատել նոր խորհրդարանում և նախագահի հետ բողոքի ցույցի էին դուրս եկել։
Օգոստոսի 19-ին Վրաստանի վարչապես Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրությունները կդառնան խաղաղության և պատերազմի միջև հանրաքվե։