Վրաստանում խորհրդարանական նոր ընտրությունների պահանջով բողոքի ցույց իրականացրած 43 ցուցարար է բերման ենթարկվել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ-ին։
Գերատեսչությունից տեղեկացրել են, որ նոյեմբերի 29-ի գիշերը Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ցույցի ընթացքում ոստիկանների և ցուցարարների բախումներից 32 ոստիկան է տուժել։
«Տուժածների մի մասը գլխի, աչքերի և մարմնի այլ հատվածներում վնասվածքներ են ստացել։ Նրանցից 13-ը վիրահատվել են։ Այս պահին բուժհաստատությունում մեկ իրավապահ կա, մյուսները դուրս են գրվել»,- ասված է հրապարակման մեջ։
Նոյեմբերի 29-ին Վրաստանում ոստիկանությունն արցունքաբեր գազ էր կիրառել նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջով բողոքի ցույց իրականացնող ցուցարարների նկատմամբ, ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ էին տեղի ունեցել։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ հաղթել էր «Վրացական երազանքը»։
Վրաստանի նախագահը, «Հանուն փոփոխությունների», «Միասնություն ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան չէին ճանաչել ընտրությունների արդյունքները։ Բոլոր չորս կուսակցությունները հրաժարվել էին աշխատել նոր խորհրդարանում և նախագահի հետ բողոքի ցույցի էին դուրս եկել։
Օգոստոսի 19-ին Վրաստանի վարչապես Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրությունները կդառնան խաղաղության և պատերազմի միջև հանրաքվե։