Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Բաթում քաղաքում, որտեղ գտնվում է Սահմանադրական դատարանի շենքը, ցուցարարներին կոչ է արել ճնշում գործադրել դատարանի վրա:
«Մենք մնում ենք Սահմանադրության շրջանակներում։ Բաթումում այս երեկո կսկսվի ճնշումը Սահմանադրական դատարանի վրա»,- ասել է Զուրաբիշվիլին:
Զուրաբիշվիլին նոյեմբերի 19-ին դիմել էր Սահմանադրական դատարան՝ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծ ճանաչելու նպատակով: Դատարանը դեռ չի հայտնել, թե արդյոք վարույթ է ընդունե՞լ Զուրաբիշվիլիի հայցը։
Վրաստանում բողոքի ցույցերը նոր թափ էին ստացել նոյեմբերի 29-ին՝ կապված նոյեմբերի 28-ին Վրաստանի իշխանությունների որոշման հետ, ըստ որի՝ մինչև 2028 թվականը նրանք օրակարգից հանել են Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունները։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ ցուցարարները բողոքում են գոյություն չունեցող խնդրի դեմ, Վրաստանում եվրաինտեգրման գործընթացը չի դադարել։
Նոյեմբերի 29-ին Վրաստանում ոստիկանությունն արցունքաբեր գազ էր կիրառել ցուցարարների նկատմամբ, ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ էին տեղի ունեցել։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ հաղթել էր «Վրացական երազանքը»։
Վրաստանի նախագահը, «Հանուն փոփոխությունների», «Միասնություն ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան չէին ճանաչել ընտրությունների արդյունքները։ Բոլոր չորս կուսակցությունները հրաժարվել էին աշխատել նոր խորհրդարանում և նախագահի հետ բողոքի ցույցի էին դուրս եկել։