Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Թբիլիսիում ցույցի ժամանակ ոստիկանների վրա հարձակվելու և խմբակային բռնություններին մասնակցելու մեղադրանքով ձերբակալել են երեք անձի, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
Ըստ կայքի տեղեկությունների՝ մեղադրյալներից մեկը Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում ցույցի ժամանակ այլ ցուցարարների հետ միասին բախվել է ոստիկանների հետ, կիրառել հրավառ նյութեր՝ ուղղելով իրավապահների վրա։
Մեկ այլ մեղադրյալ դեկտեմբերի 1-ին հանրահավաքի ժամանակ Մոլոտովի կոկտեյլ էր նետել ոստիկանի վրա։ Երրորդ ամբաստանյալը դեկտեմբերի 4-ին Ազատության հրապարակում հարձակվել էր իրավապահի վրա և մահակով հարվածել նրա գլխին։ Երեք մեղադրյալներին սպառնում է մինչև ինը տարվա ազատազրկում։
Ընդհանուր առմամբ, ըստ կայքի տվյալների, հանրահավաքներում տեղի ունեցած անկարգությունների հետ կապված տարբեր քրեական մեղադրանքներով բերման է ենթարկվել 18 մարդ։
Վրաստանում բողոքի ցույցերը նոր թափ էին ստացել նոյեմբերի 29-ին՝ կապված նոյեմբերի 28-ին իշխանությունների որոշման հետ, ըստ որի՝ մինչև 2028 թվականը նրանք օրակարգից հանել են Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունները։
Երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ ցուցարարները բողոքում են գոյություն չունեցող խնդրի դեմ, քանի որ եվրաինտեգրման գործընթացը չի դադարել։ Նոյեմբերի 29-ին Վրաստանում ոստիկանությունն արցունքաբեր գազ էր կիրառել ցուցարարների նկատմամբ, ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ էին տեղի ունեցել։
Հոկտեմբերի 26-ին հանրապետությունում անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ, հաղթել էր «Վրացական երազանքը»։
Վրաստանի նախագահը, «Հանուն փոփոխությունների», «Միասնություն ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան չէին ճանաչել ընտրությունների արդյունքները։ Բոլոր չորս կուսակցությունները հրաժարվել էին աշխատել նոր խորհրդարանում և նախագահի հետ բողոքի ցույցի էին դուրս եկել։