Պաշտոնական Բաքուն ամերիկյան կողմին խաղաղության պայմանագրի կնքման նախապայմանների մասին է հայտնել։ Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ դեկտեմբերի 6-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։
Պաշտոնական Բաքուն վերահաստատել է Հայաստանի ներպետական օրենսդրության շուրջ ունեցած դժգոհությունները՝ հայտարարելով, որ «Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ պահանջներից»։
«Չնայած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց կա, սակայն Հայաստանի սահմանադրությունում, օրենսդրական ակտերում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում և դատարաններում առկա են պահանջներ մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ»,- ասել է Մամեդովը։
Դեկտեմբերի 5-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հրաժարվել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Բլինքենի առաջարկած հանդիպումից։ Ըստ նրանց՝ մերժման պատճառ է հանդիսացել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի «անարդար և կողմնակալ» քաղաքականությունն Ադրբեջանի նկատմամբ։
Նույն օրը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Հայաստանը համաձայնել է Վաշինգտոնի միջնորդությամբ Մալթայում՝ ԵԱՀԿ Նախարարների խորհրդի շրջանակում, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում անցկացնելու առաջարկին։