Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ «Հայաստանի վերազինում է բացասական ազդեցություն ունի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման վրա», հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Այդ մասին նա զեկուցել է Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Զիա Ջեմալ Քադըօղլուի գլխավորած թուրքական պատվիրակությանը։
Նշվում է, որ ադրբեջանական կողմը թուրքական պատվիրակությանը տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակի մասին:
Դեկտեմբերի 11-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ «մոտ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելուն»։
Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 6-ին հայտարարել էր, որ Թուրքիան դրական զարգացումներ է ակնկալում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում, ինչը կհանգեցնի տարածաշրջանի շահերին համապատասխան խաղաղության պայմանագրի կնքմանը։ Նույն օրն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական հարաբերություններն զգալի առաջընթաց են գրանցել՝ չնայած այն հանգամանքին, որ կազմակերպությունը «դարձել է վնասակար հավակնությունների պատանդ»։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ելույթում հայտնել էր, որ առաջընթաց է գրանցվել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի և Բաքվի հետ համաձայնագրի նախագծի նախաբանի ու 17 հոդվածներից 15-ի վերաբերյալ։ ՀՀ արտգործնախարարն ընդգծել էր նաև Հայաստանի շահագրգռվածությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում և նշել, որ Հայաստանը պատրաստ է փակել թշնամության էջը Հարավային Կովկասում։