Երևանը Բաքվին առաջարկներ է ուղարկել տարածաշրջանում հաղորդակցությունն ապաշրջափակելու համար, «Արմենպրեսին» հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր գնահատմամբ՝ մենք գտել ենք լուծում, թե ինչպես վերաբացել երկաթուղային հաղորդակցությունը, որ լիարժեք ընդունելի լինի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար: Եվ այդ լուծման առաջարկը գրավոր ձևով փոխանցել ենք Ադրբեջանին ու սպասում ենք նրանց դրական արձագանքին»,- ասել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ հենց Բաքուն համաձայնի, հնարավոր կլինի «արագ պայմանագիր ստորագրել և անցնել երկաթուղու կառուցմանը»։
Դեկտեմբերի 13-ին ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանի Սյունիքի մարզով անցնող երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու շուրջ ընդհանուր ըմբռնում է ձեռք բերվել։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 12-ին հայտարարել էր, որ Ադրբեջանն իր տարածքում շարունակում է «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները։ Նա ընդգծել էր, որ «միջանցքի բացումը կախված է Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարումից»։