Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ կործանված AZAL ավիաընկերության ինքնաթիռը «վնասվել է դրսից՝ Ռուսաստանի տարածքում»։ Նա հնչեցրել է Բաքվի պահանջները Ռուսաստանին՝ կապված միջադեպի հետ՝ նշելով, որ դրանք ռուսական կողմի ուշադրությանն են ներկայացվել դեկտեմբերի 27-ին։
Տեղական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Ալիևն ասել է, որ ինքնաթիռի պոչի հատվածը խիստ վնասվել է «գետնից բացված կրակի հետևանքով», ինչպես նաև այն «անկառավարելի է դարձել էլեկտրոնային պատերազմի միջոցներով»։ Միաժամանակ՝ նա նշել է, որ «ինքնաթիռը դիտմամբ չի խոցվել»։
Ըստ Ալիևի՝ ինքնաթիռում գազի բալոնի պայթյունի մասին պաշտոնական կառույցների կողմից ներկայացված վարկածը «ցույց է տվել, որ ռուսական կողմը ցանկանում է լռեցնել այդ հարցը և դա, իհարկե, ոչ մեկին պատիվ չի բերում»։
«Ցավոք, առաջին երեք օրերին մենք ոչինչ չլսեցինք Ռուսաստանից, բացի զառանցական վարկածներից»,- ասել է Ալիևը։
Դեկտեմբերի 25-ին Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Ղազախստանի արևմտյան Ակտաու օդանավակայանի մոտ։ Ինքնաթիռում 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ էին։ Ավիավթարի հետևանքով 38 մարդ էր մահացել, 29 փրկվածներ հոսպիտալացվել էին։
Ավելի ուշ ադրբեջանական և արևմտյան մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ կործանման պատճառն արձակված ռուսական «երկիր-օդ» հրթիռն էր, որի բեկորները պայթել էին ինքնաթիռի կողքին։ Դեկտեմբերի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ալիևի հետ զրույցում ներողություն էր խնդրել ՌԴ օդային տարածքում AZAL ինքնաթիռի հետ կապված միջադեպի համար։