Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարության պատվիրակությանը՝ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, քննարկվել է արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Հարությունյանը կարևորել է գործընկեր կառույցների սերտ և փոխհամակարգված աշխատանքը՝ ընդգծելով ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու գործում միասնական և ներդաշնակ արտաքին քաղաքականության իրականացման անհրաժեշտությունը։
Վահագն Մելիքյանը համոզմունք է հայտնել, որ Արցախի գործընկերների հետ գործող ձևաչափով կազմակերպվող հանդիպումներն ու քննարկումները կնպաստեն հայկական երկու հանրապետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փորձի փոխանակմանը և համագործակցության ամրապնդմանը։