Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ անիմաստ է հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Հայաստանը պետք է հանձնի Արցախը: Այս մասին, ինչպես հայտնում է Lenta.ru-ն, Ալիևը հայտարարել է Al Jazeera TV-ի հետ զրույցում:
«Ես հանդիպել եմ Հայաստանի վարչապետի հետ։ Սակայն այդ հանդիպումները միանգամայն անիմաստ էին և կրում էին ձևական բնույթ։ Նա [Փաշինյանը] ինձ ասաց, որ իրենք տարածքներ չեն վերադարձնի։ Եթե նրանք չեն ուզում դա անել, եթե նրանք տարիներ շարունակ դեմ են Մինսկի խմբի մշակած սկզբունքներին և ձախողում են բանակցությունները, ապա ինչ կարելի է ասել այդ ամենից հետո»,- այսպիսի հարցադրում է արել Ալիևը։
Ալիևը հայտարարել է, որ պատերազմն ավարտվելու է միայն այն դեպքում, եթե Հայաստանը հանձնի Արցախը, իսկ այսօրվա իրադարձություններն անվանել է խոշորագույնը վերջին 28 տարում:
Սեպտեմբերի 27-ի լուսադեմին հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր: Հակառակորդը հրետակոծել է նաև քաղաքացիական նշանակության օբյեկտներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հնգօրյա մարտերի արդյունքում թշնամին կրել է մարդկային և նյութական հսկայական կորուստներ: Հայկական կողմն ունի 158 զոհված զինծառահող, 8 քաղաքացիական անձի մահ, շուրջ 200 վիրավոր։
Հիշեցնենք նաև, որ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվել է ռազմական դրություն և մասնակի զորահավաք: