ՀՀ Պաշտպանության նախարարությունն ունի հիմնավոր կասկածներ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեփական երկրում գտնվում է ինֆորմացիոն բլոկադայի կամ ապատեղեկատվության տիրույթում: Այս մասին հոկտեմբերի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ապատեղեկատվություն են տարածում հանրապետության նախագահը, նրա ընտանիքի անդամները, բարձր ղեկավարությունը: Մենք բոլոր հիմնավոր կասկածներն ունենք ենթադրելու, որ Ալիևը գտնվում է սեփական երկրում ինֆորմացիոն բլոկադայի կամ ապատեղեկատվության տիրույթում»,- ասել է Հովհաննիսյանը:
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ, փաստացի, Ադրբեջանի գերագույն գլխավոր հրամանատարը չի տիրապետում իրավիճակին կամ սխալ են զեկուցում, զեկուցում են կեղծ ինֆորմացիա, որն էլ նա փորձում է օգտագործել:
Արծրուն Հովհաննիսյանն, անդրադառնալով առավոտյան Գյանջայի ռազմական օդանավակայանի ոչնչացմանը, ընդգծել է, որ այսօր Ադրբեջանի Զինված ուժերը որևէ նշանակալի մարտավարական գործողություն չեն կարողացել իրականացրել նաև այն պատճառով, որ չեզոքացվել էր ռազմական օդանավակայանից Թուրքիայի օդուժի օգնությունը:
«Ռազմական օդանավակայանին հասցված հարվածներից հետո տեսանք, որ Ադրբեջանական կողմը թքած ունի իր ժողովրդի վրա, քանի որ ոչ մի քայլ չէր ձեռնարկել բավական մեծ քաղաքի քաղաքացիական պաշտպանությունն ապահովելու համար»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը մարտական գործողություններ է իրականացնում Արցախի ամբողջ երկայնքով: Համառ և թեժ մարտեր են ընթանում հատկապես հյուսիսային և հարավային ուղղություններով: Ադրբեջանը հրետակոծում է նաև Ստեփանակերտն ու Շուշին: Կան տուժածներ քաղաքացիների շրջանում, վնասվել են բազմաթիվ ենթակառուցվածքներ: Նշենք, որ ադրբեջանական կողմից անձնակազմի այսօրվա զոհերի թիվը 400 է, 700 վիրավոր, 13 զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ, 1 ԱԹՍ:
Հիշեցնենք նաև, որ Հոկտեմբերի 4-ին Արցախի Պաշտպանության բանակը ոչնչացրել է Ադրբեջանի Գյանջա քաղաքի ռազմական օդանավակայանը: