Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը սահմանին տեղի ունեցող իրադարձությունների մասին մի քանի ուշագրավ տեղեկություն հաղորդեց։
Նա ասաց, որ այսօր առավոտյան հակառակորդը լայնածավալ հարձակում է սկսել հարավային ուղղությամբ։ Մեր տղաները համառ մարտեր են տանում հակառակորդի դեմ՝ հետ մղելով նրանց։
Գրեթե նույն ժամանակամիջոցում ակտիվորեն հրթիռակոծվել է Ստեփանակերտը։ Տուժածների մասին տեղեկություն կհաղորդվի քիչ ավելի ուշ։ Փաստորեն, հարաբերականորեն հանգիստ գիշերից հետո առավոտյան իրավիճակը սկսել է թեժանալ։
Արծրուն Հովհաննիսյանը խոսեց նաև ադրբեջանական հերթական ապատեղեկատվության մասին։ Բանն այն է, որ տարածվել էր մի անհասկանալի ծագման տեսանյութ, որտեղ իբրև թե ՀՀ-ն հրթիռակոծում է ադրբեջանական որոշ նշանակետեր։ Սակայն, տեսանյութն իրականության հետ որևէ աղերս չունի։
«Ուշադրություն դարձնենք մի բանի վրա, որ Ադրբեջանը Արցախի որոշ շրջաններ ընկալում է որպես ՀՀ մաս։ Արդեն որերորդ անգամ այս գիծը տարվում է»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։