Ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և ռազմական դրության հայտարարման առաջին իսկ պահից Շրջակա միջավայրի նախարարության տասնյակ աշխատակիցներ պատրաստակամություն հայտնեցին զինվորագրվելու և համալրելու ՀՀ Զինված ուժերի շարքերը։ Այս մասին նախարարության ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը և տեղեկացրել, որ այսօր արդեն նախարարության կենտրոնական ապարատի և ենթակա ստորաբաժանումների 200 աշխատակիցներ մեր պետականության համար վճռորոշ այս օրերին զորակոչվել են ծառայության այն գիտակցումով, որ հայրենիքի պաշտպանությունն ամենավեհ առաքելությունն է, որ պետք է կատարի մեզնից յուրաքանչյուրը, և այս պահին նրանք իրենց առաքելությունն են իրականացնում առաջնագծում։
«Իմ զորակցությունն ու երախտիքն եմ հայտնում առաջնագծում գտնվող մեր գործընկերներին և նրանց ընտանիքներին։ Հավաստիացնում եմ, որ նրանք՝ սահմանին կանգնած մեր մյուս եղբայրների հետ միասին, փայլուն են կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրները:
Մաղթում եմ ոգու տոկունություն և արիություն, եղբայրնե՛ր։
Հանուն Հայրենիքի,
Հանուն Հայաստանի Հանրապետության,
Հանուն Արցախի Հանրապետության,
Հանուն Հայ ժողովրդի անվտանգության»,- գրել է նախարարը։