Հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը մղված մարտերին զուգահեռ, Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակ բացել Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ։ Այս մասին հայտնել է ԱՀ ԱԻ պետական ծառայությունը։
Մասնավորապես, հրթիռակոծվել են Մարտունի քաղաքը, Քաշաթաղի շրջանի Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Վուրգավան համայնքները։ Տուժածների ու վնասների մասին տեղեկությունները ճշտվում են։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 710 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից: