Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ ՄԻՊ աշխատակազմի կողմից ճշտված տեղեկություններով` հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի կողմից Մարտունի քաղաքի հրթիռակոծության հետևանքով սպանվել է 65-ամյա Վլադիմիր Միրզոյանը, իսկ 42-ամյա Գևորգ Վարդանյանը ստացել է մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնել է ԱՀ ՄԻՊ-ը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 710 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից: