Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկություն է ստացել, որ ադրբեջանական կողմը, խախտելով հոկտեմբերի 25-ին հաստատված՝ հրադադարի մասին պայմանավորվածությունը, շարունակել է հրթիռակոծել Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակավայրերը: Այս մասին հայտնում են ԱՀ ՄԻՊ-ից։
Օրվա ընթացքում տևական հրթիռակոծության են ենթարկվել մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը, որտեղ մեկ ժամ առաջ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հարվածների հետևանքով զոհվել է քաղաքացիական մեկ անձ՝ Գևորգ Համբարձումյանը, վիրավորվել են քաղաքացիական երկու անձինք՝ Հենրիխ Ադամյանը և Անդրեյ Համբարձումյանը:
Հիշեցնենք, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել էին 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հումանիտար հրադադարի հաստատման մասին: Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը նույնպես խախտվեց ադրբեջանական կողմից: Երեկ ԱՄՆ-ի ջանքերով հայտարարվեց երրորդ հումանիտար հրդադարի հաստատման մասին, որը ևս Ադրբեջանը չպահպանեց։