«Պատրիոտ» մեդիակենտրոնի եթերում ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է այն մեղադրանքներին, թե ինքը կոչ է անում ռուսական դեսանտ ուղարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի:
«Բազմաթիվ քննադատություններ թափվեցին գլխիս այն բանից հետո, երբ ինչ-որ մեկը որոշեց խեղաթյուրել իմ հարցազրույցը «Ազգային լրատվական ծառայությանը», որտեղ ես ասացի, որ հակամարտության մեջ Թուրքիայի լայն ներգրավվածության ֆոնին անհրաժեշտ է ուժեղացնել ռազմական ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում: Այս հարցազրույցը բարեխղճորեն վերատպելու փոխարեն, եթե չեմ սխալվում, «ՌԻԱ Նովոստին» առաջինը սկսեց կեղծել, թե Պետդուման քննարկում է Ղարաբաղում դեսանտային վայրէջք կատարելու գործողությունը: Իհարկե, Պետդուման չի քննարկում Ղարաբաղում կամ Հայաստանում երկկողմ գործողություններ իրականացնելու հարցը: Պետական դուման այն վայրը չէ, որտեղ ռազմական գործողություններ են ծրագրվում»,- ասել է Զատուլինը:
Ռուս խորհրդարանականը նշել է, որ Ռուսաստանը կարող է ցուցադրաբար ամրապնդել իր ռազմական խմբավորումը Գյումրիում և դեմ արտահայտվել Հայաստանի փաստացի շրջափակմանը բոլոր կողմերից: Ըստ նրա՝ շրջափակումն առաջացել է նրա արդյունքում, որ ո՛չ Վրաստանը, ո՛չ Իրանը, ո՛չ էլ Ադրբեջանը և Թուրքիան պաշտոնապես թույլ չեն տալիս բեռների մուտք հակամարտության գոտի՝ միաժամանակ Հայաստանը դիտարկելով որպես հակամարտության գոտի:
«Ադրբեջանը Թուրքիայի տարածքով մատակարարման հետ կապված որևէ խնդիր չունի, Իսրայելը՝ ևս, որը շարունակում է ռազմական տեխնիկա ուղարկել Ադրբեջան: Իսկ Ռուսաստանը խնդիրներ ունի, քանի որ Վրաստանի օդային տարածքը փակ է: Կարծում եմ, որ դա այն դեպքն է, երբ մենք կարող էինք ճնշում գործադրել Վրաստանի վրա, և, ըստ էության, եթե անհրաժեշտ համարեինք, կարող էինք ամրապնդել մեր հենակետը Գյումրիում, քանի որ իրավիճակը տարածաշրջանում լարված է», – ասել է Կոնստանտին Զատուլինը: Ռուսաստանը, նրա խոսքով, պետք է ցույց տա, որ ոչ միայն ասում է, որ կկատարի Հայաստանի հանդեպ ստանձնած պարտավորությունները, այլև ունի դա անելու կարողություն:
Զատուլինը շեշտեց, որ իր հայտարարությամբ ինքը բացարձակապես մտադրություն չուներ Ռուսաստանին ներքաշել ռազմական գործողությունների մեջ: «Մենք մեր ազգային շահերի համար պետք է պայքարենք ամենուր ու ոչ միայն Կովկասում: Մենք պարտավորություն ունենք Հայաստանի առջև, և դա հաստատեց Ռուսաստանի Դաշնության նախագահը այս հակամարտության սկզբի հենց առաջին շաբաթում, մենք գտնվում ենք ռազմաքաղաքական դաշինքի մեջ: Մշակութային կապերից, անցյալի հիշողություններից բացի, Հավաքական անվտանգության պայմանագրում կա կետ, որտեղ նշվում է, որ ՀԱՊԿ-ի մեկ անդամի վրա հարձակումը հարձակում է բոլորի վրա: Սա ՆԱՏՕ-ի մասին Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածի անալոգն է: Եվ եթե դա տեղի ունենա, մենք ստիպված կլինենք կատարել մեր պարտավորությունները»,- ասել է Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալը: