Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազի առաջին տեղակալ, գնդապետ Դմիտրի Շուվարկինին:
Ըստ Հարությունյանի Facebook-յան գրառման՝ հանդիպմանը քննարկվել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը: «Այդ համատեքստում ողջունել եմ ՌԴ նախագահի «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանն ուղղված հավելյալ միջոցառումների մասին» հրամանագրի իրականացման շրջանակներում ՌԴ պաշտպանության նախարարի հրամանով Ստեփանակերտում մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծումը: Երկուստեք կարևորել ենք հայ ռազմագերիների ու պահվող այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկը»,-նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ, որի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։