Ինչ էլ հայտարարենք այս ամբիոնից, պետք է հասկանանք, որ տարածքը, որը հսկում է ՀՀ ԶՈւ-ը խաղաղապահների օգնությամբ, որևէ կարգավիճակ չունի: Այս մասին ԱԺ-ի նիստում ասաց ԲՀԿ պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը:
«Այն մարդն, ով ստորագրել է կապիտուլյացիայի պայմանագիր ո՛չ բարոյական, ո՛չ ֆիզիկական հնարավորություն չունի պաշտպանելու արցախցու, ՀՀ-ի շահերը: Հետևաբար, րոպե առաջ պետք է հեռանա»:
Պատգամավորը դիմեց ԱԱԾ-ին՝ ասելով.
«Բազմաթիվ հայտարարություններ կան այն մասին, որ ՊՆ բունկեր կոչված վայրում գտնվել են գաղտնիության համապատասխան չափ չունեցող անձինք: Ի՞նչ էին անում նրանք այնտեղ: Կա՞ արդյոք ԱԱ սպառնալիք, և ծառայությունն ասելիք ունի՞, թե՞ ոչ»:
Ծառուկյանը ԱԳՆ նախկին նախարարի և Փաշինյանի հայտարարություններից չի հասկացել, թե, ի վերջո, Շուշիի մասին քննարկում եղե՞լ է, թե՞ ոչ:
«Թե՞ համապետական հարցը պետք է լուծեր մեկ մարդ և այդ մեկ մարդը վարչապետն էր»,- խոսքն ավարտեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Փաստաթուղթն առաջացրել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի արդար պահանջ: