Մինչև 2020-ի ավարտը ֆրանսիական ընկերությունն Արցախի փրկարար ծառայությանը կնվիրի ընդհանուր 6 ավտոմեքենա. 2 ցիստեռն, 1 կամազ և շտապ օգնության 3 ավտոմեքենա՝ նախատեսված փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար, տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Այդ մասին ասվել է Արցախի ԱԻՊԾ տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի և Ֆրանսիայի Celise care հասարակական կազմակերպության տնօրեն Ժան Լուի Մեսսաժերի ու նրա օգնական Սիլվիա Մորետտիի և կազմակերպության հետ գործակցող ֆրանսահայ Միքայել Խաչիկյանի հանդիպմանը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև, որ առաջիկա օրերին ԱԻ ծառայողների ուղեկցությամբ վերջիններս շրջայց կատարեն Ստեփանակերտում և շրջաններում, տեղում տեսնեն պատերազմի թողած վնասները:
Հանդիպմանն Արցախի ԱԻ ծառայության տնօրենը շնորհակալություն է հայտնել կազմակերպության ղեկավար Մեսսաժերին ցուցաբերած աջակցության, հետպատերազմյան այս դժվար օրերին ծառայությանն օգնելու համար: