Ժամանակին Հայաստանն իր համաձայնությունն էր տվել Կազանի փաստաթղթին, քանի որ այն պարունակում էր հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների ամբողջական փաթեթը: Ադրբեջանի կողմից այդ փաստաթղթի մերժումից հետո էլ բանակցությունները շարունակվել են հիմնարար սկզբունքների հիման վրա, ավելին՝ նույնիսկ պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից համաձայնություն էր տվել շարունակելու բանակցությունները դրա շուրջ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ մեկնեկաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի այն հայտարարությունը, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը Ռուսաստանը երբեք չի դիտարկել որպես Ադրբեջանին 7 շրջանների վերադարձի հարց՝ անտեսելով կարգավիճակի խնդիրը:
«Ես միանշանակ համամիտ եմ Պոպովի հետ, որ Արցախի կարգավիճակը եղել է հակամարտության կարգավորման կարևոր սկզբունք, ավելացնեմ՝ եղել և մնում է: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը կարգավորման փաստաթուղթ չէ, դա զինադադարի մասին, պատերազմի ավարտի մասին փաստաթուղթ է, որը ներառում է հիմնարար սկզբունքներից մի քանիսը»,- ասաց նա և ընդգծեց, որ հակամարտությունը չի կարող կարգավորված լինել, քանի որ այն չեն իրականացվել բոլոր հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ ինքնորոշման, կարգավիճակի հարցը:
Անդրադառնալով ռազմագերիների վերադարձման խնդրին՝ Այվազյանը նկատեց, որ այդ ուղղությամբ ամեն օր աշխատանք է տարվում։ Այս խնդիրն, ըստ նախարարի, մեկ օրվա լուծման հարց չէ։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն, ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի ակունքները» հոդվածի վերաբերյալ ԶԼՄ-ների հարցին, նշել էր, որ Ռուսաստանի առաջարկը Արցախի յոթ շրջանը վերադարձնել «հանուն ոչնչի», մոռանալով կարգավիճակի մասին, ճիշտ չէ: Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի ակունքները» հոդվածում վարչապետը խոսում է ռուսական առաջարկների մասին, ինչը ժողովրդի շրջանում հայտնի է որպես «Լավրովի պլան»: