Ստեփանակերտում գտնվող Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնում քաղաքացիների ընդունելության կետը շարունակում է աշխատել: Կենտրոնն ունի թեժ գիծ, որի միջոցով տեղեկություններ են հավաքվում անհայտ կորած զինծառայողների վերաբերյալ։ Այն նաև ծառայում է հումանիտար օգնություն, աշխատանքի տեղավորման հարցում օժանդակություն ցուցաբերելու համար և այլն: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից:
«Այսօր կենտրոն է դիմել Լեռնային Ղարաբաղի 10 քաղաքացի: Հիմնական խնդրահարույց հարցերը մնում են անհայտ կորած զինծառայողների որոնումներն ու գնդակոծությունների ժամանակ ավերված տների վերականգնումը: Երկու ֆերմեր խնդրեցին ականազերծել իրենց բակի հողամասերը»,- ասաց Հումանիտար արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Դմիտրի Սերովը:
Մինչ օրս մոտ 3600 մարդ է դիմել ընդունելության կենտրոն՝ օգնություն ստանալու համար: Թեժ գծի միջոցով ստացվել է ավելի քան 800 զանգ:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայված է՝ վերահսկելու Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը: Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը կազմված է Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումներից: