ԱՀ պետական բյուջեի միջոցներով Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տարծքում գտնվող հայ-ֆրանսիական բարեկամության պուրակում այսօր՝ մայիսի 22-ին՝ ժամը 10:00-ին, տեղի է ունեցել ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնյե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի կիսանդրու բացման արարողությունը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ կիսանդրու բացման պատիվը տրվել է քանդակագործ, կիսանդրու հեղինակ Յուրի Հովհաննիսյանին և Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Արմեն Հովսեփյանին:
Ֆրանսահայ երգչի կատարումներով և պարերով հանդես են եկել «Արցախի բալիկներ» համույթի սաները և Արցախի պետական պարի համույթը:
Ճարտարապետ Մամիկոն Ֆարսիյանը մեզ հետ զրույցում ասել է, որ իր համար այսօր յուրահատուկ օր է, քանի որ իր և իր նման շատերի երազանքն այսօր դարձավ իրականություն՝ վերջապես Արցախ աշխարհն ունեցավ մեծ հայորդու կիսանդրին. այն էլ՝ նրա ծննդյան օրը:
«Քանդակի մտահղացումը վաղուց էր ծնվել մեզ մոտ, սակայն ինչ- ինչ պատճառներով իրականացնելը հետաձգվում էր, և այսօր կյանքի կոչեցինք այդ ծրագիրը: Մենք սկզբում երկմտում էինք Շառլ Ազնավուրի երկու կերպարների ստեղծման շուրջ՝ զուսպ, մտահոգ Ազնավուրի և ժպտացող երգչի։ Արդյունքում ունեցանք երկրորդ տարբերակը: Ուզում ենք, որ հայ ժողովրդի համար այս ծանր իրավիճակում Ազնավուրի ժպիտը գալիք սերնդի համար լինի խորհրդանշական: Շատ բարդ էր ստեղծել Ազնավուրի կերպարը, որովհետև ինքն այնքան հարուստ է իր ապրած գիտակցական ու համեստ կյանքով, որ ավելորդություններ չներառեցինք արվեստի այս գործում»,- ավելացրել է Մ. Ֆարսիյանը:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Ահ ԿԳՄՍ փախնախարար Գայանե Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք, արվեստասեր հասարակությունը, ուսուցիչներ, աշակերտներ, ովքեր ծաղիկներ խոնարհեցին մեծն շանսոնյեի կիսանդրու պատվանդանին:
Շառլ Ազնավուրը (Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին, Փարիզում, մահացել՝ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին, Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը: Շառլ Ազնավուրը հայ ժողովրդի հպարտությունն է, ով իր կյանքի ողջ ընթացքում ապրել է ազգի հոգսով ու ցավով: Իր երաժշտական կարիերայի ընթացքում նա ձայնագրել է մոտ 1200 երգ՝ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն, ռուսերեն, նեապոլիտաներեն։ Նա հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն ՝ և՛ իր, և՛ այլ երաժիշտների համար։ Նա աշխարհին հայտնի ֆրանսալեզու երգիչներից մեկն է։