Հունիսի 25-ին հրավիրվել է ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԺ-ից։
«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի լրամշակված տարբերակը ներկայացվել է մայիսի 21-ին: Նախագծով առաջարկվում է՝ ոստիկանության կրտսեր, միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում նշանակել նաև Արցախի Հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր միաժամանակ հանդիսանում են այլ պետության քաղաքացի։
«Ոստիկանության գլխավոր կոչումներ շնորհելու իրավասությունը վերապահել Արցախի Հանրապետության նախագահին, ոստիկանությունում ծառայության անցնելու համար սահմանել տարիքային ստորին շեմ՝ 18 տարեկան, հստակեցնել ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները։ Թափուր պաշտոնները համալրել մրցութային կարգով և կարգավորել մրցույթի անցկացման հետ կապված հարաբերությունները։ Ոստիկանության ծառայողի ատեստավորումն անցկացնել ոչ թե պարտադիր, այլ անհրաժեշտության դեպքում։ Բարձրացնել ոստիկանությունում ծառայության տարիքային սահմանափակումների վերին շեմերը՝ որոշ խմբերում (ոստիկանության պետի համար ավելացվող ծառայության ժամկետը 3-ից դարձնել 5 տարի, գլխավոր խմբի համար՝ 60-ից դարձնել 62 տարեկանը»,- առաջարկվում է նախագծում։