Նոյեմբերի 21-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ցուցադրվել է Վահե Յանի «Արցախ. հավերժի սահմանին» ֆիլմը: Նոյեմբերի 20-ին ֆիլմն արդեն ցուցադրվել է Արցախի Մարտունի քաղաքում, իսկ նոյեմբերի 22-ին կցուցադրվի Մարտակերտում:
Ֆիլմի սցենարի հեղինակ և ռեժիսոր Վահե Յանը Armenia today-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ նկարահանումներն իրականացվել են անցած տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Մինչ այդ Արցախ չայցելած ռեժիսորի համար Արցախի ամեն գյուղ, փողոց, տուն, ծառ, նստարան շատ հոգեհարազատ էին: «Իմ ներկայացրած Արցախը զգայական է: Արցախը հնարավոր չէ սիրել ուղեղով կամ սրտով, Արցախը սիրում են հոգով և մարմնի բոլոր բջիջներով»,- ասել է Վահե Յանը:
Խոսելով Մարտունիում կայացած պրեմիերայի մասին Վահե Յանը նշել է, որ այն իր ամենաանսովոր պրեմիերաներից էր: «Ինձ համար սկզբում տարօրինակ էր, որ մարդիկ խոսում էին ցուցադրության ընթացքում, բայց հետո հասկացա, որ նրանք ապրում էին ֆիլմով: Մարդկային, անկեղծ անմիջական առումով դա ամենաբարձր արձագանքն է»,- նշել է Վահե Յանը:
Երևանում ֆիլմի շնորհանդեսին ներկա ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսյանը հիացած էր ֆիլմով և ցանկացել է, որ օր առաջ արցախցիները դիտեն այն. «Սա ռեժիսորի սիրո խոստովանությունն է առ Արցախ: Ինձ համար Արցախն Ավետյաց երկիրն է, ամեն քար ու թուփ շատ թանկ է ինձ համար և ավելի թանկ են արցախցիները»,- նշել է ֆիլմի նաև ստեփանակերտյան ցուցադրությանը ներկա Շուշան Պետրոսյանը:
Ստեփանակերտում ֆիլմի ցուցադրությանը ներկա էին ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր, զինվորներ, երիտասարդներ: