Օգոստոսի 29-ին Ստեփանակերտի «Պարկ հոթել» հյուրանոցի դահլիճում տեղի է ունեցել Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մարտին Զոնեբորնի մամուլի ասուլիսը:
Պատգամավորն Արցախում էր գերմանացի գրողներից, դասախոսներից և լրագրողներից կազմված 25 հոգանոց խմբով: Պատգամավորի խոսքով՝ պատվիրակությունը հրաշալի օրեր է անցկացրել Արցախում և տպավորված է հյուրընկալությունից: «Մենք այստեղ ենք, որպեսզի սատարենք ինքնորոշման իրավունքին, մեզ համար դա հիմնարար իրավունք է, որը ենթական չէ բանակցությունների, քննարկման: Ես մի երկրից եմ, որտեղ մենք հնարավորություն ենք ունեցել խաղաղ վերամիավորվել և նմանատիպ կոնֆլիկտների նկատմամբ շատ զգայուն ենք»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մարտին Զոնեբորնը:
Արցախ այցելած խմբի կազմում է նաև Զոնեբորնի կինը՝ լրագրող Կլաուդիա Տուր-Սարկիսյանը, ով այս օրերին Արցախի վերաբերյալ ֆիլմ է նկարահանում: Ֆիլմի նպատակը աշխարհին Արցախը որպես կայացած պետություն ներկայացնելն է:
«Ֆիլմն ինքնորոշման իրավունքի մասին է, հարցազույցներ ենք ունեցել տարբեր նախարարների, քաղաքական գործիչների հետ: Նպատակն է ցույց տալ, որ արցախցիներն ունեն ինքնորոշման իրավունք և օգտվում են դրանից: Ցանկանում ենք ներկայացնել նաև այս գեղեցիկ երկիրը, այստեղ ապրող մարդկանց»,-մանրամասնել է Մարտին Զոնեբորնը՝ տեղեկացնելով, որ ֆիլմը ցուցադրվելու է մի շարք փառատոններում և կինոթատրոններում:
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը նշել է, որ շարունակելու են այցելությունների միջոցով Արցախը ճանաչելի դարձնելու գործելաոճը՝ չնայած Ադրբեջանի «սև ցուցակներին» և անիմաստ հայտարարություններին: