Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ժան-Իվ Լը Դրիանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման ուղղությամբ երկկողմ տրամադրվածության մասին են հայտնել։ Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում Նյու Յորքում տեղի ունեցած Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպման մասին ՌԴ ԱԳՆ մամուլի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մանրակրկիտ քննարկել են միջազգային օրակարգի արդիական հարցեր: Մանրամասն ուսումնասիրվել է Աֆղանստանում իրավիճակի զարգացումը: Երկու կողմերն էլ վերահաստատել են իրենց պատրաստակամությունը համատեղ ջանքերով նպաստելու այդ երկրում խաղաղության և կայունության հաստատմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի ԱԽ շրջանակներում: Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Լիբիայում և իրանական միջուկային ծրագրի շուրջ կարգավորման խնդիրների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ տարածաշրջանային թեմաների: