Արցախում ներկայումս բնակվում է շուրջ 120 հազար մարդ, տեղահանված անձանց թիվը կազմում է 40 հազար մարդ։ Այս մասին @armenian_life Telegram-ալիքի ուղիղ եթերում հայտնել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին։
Պետնախարարի խոսքով՝ տեղահանված անձանց թիվը կազմում է մոտ 40 հազար, այդ թվի մոտ մեկ երրորդը գտնվում է Արցախի Հանրապետությունում։ Նա տեղեկացրեց, որ նշված բնակիչների մոտ երկու երրորդը գտնվում է Հայաստանում և նրանց ճնշող մեծամասնությունը ցանկանում է վերադառնալ Արցախ, սակայն Արցախում չկա ազատ բնակարան, նույնիսկ վարձով տրվող:
«Արցախում ներկայումս ապրում է շուրջ 120 հազար մարդ, և առկա բնակֆոնդն ամբողջությամբ զբաղված է», – ասաց Բեգլարյանը: Նա տեղեկացրել է, որ նախատեսվում է 3 տարվա ընթացքում ամբողջությամբ լուծել բնակարանային խնդիրը և վերադարձնել բոլոր տեղահանված անձանց: Դրանից հետո Արցախի իշխանությունները նախատեսում են վարել ակտիվ ժողովրդագրական քաղաքականություն, որպեսզի հնարավորինս արագ ավելացնեն Հանրապետության բնակչության թիվը:
Արտակ Բեգլարյանը նաև տեղեկացրել է, որ անցած 6-8 ամիսների ընթացքում Հանրապետության իշխանությունները բոլոր արցախցիների նկատմամբ վարել են սոցիալական և ֆինանսական ուղղակի աջակցության քաղաքականություն՝ պատերազմի հետևանքները մեղմելու համար: Մասնավորապես, նախապատրաստվում է տեղահանված անձանց 50 հազարական դրամ հատկացնելու ծրագիր, զուգահեռաբար կստեղծվեն աշխատատեղեր և կխթանվեն զբաղվածությունը Հանրապետության բոլոր բնակիչների շրջանում։