Հայաստանը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու Ռուսաստանի ջանքերը, ինչպես նաև շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը։ Այս մասին ուրբաթ օրը ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստում ասաց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում 40 հազար մարդ մնացել է անօթևան և կորցրել ունեցվածքը, ոչնչացվել է 17 հազար քաղաքացիական օբյեկտ և ենթակառուցվածքներ։ Մի քանի հազար մարդ զոհվել և վիրավորվել է, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ, շատերի ճակատագիրը դեռևս անհայտ է, ասել է Հայաստանի փոխվարչապետը։
«Չնայած ստանձնած պարտավորություններին՝ Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, ներառյալ բազմաթիվ հայ ռազմագերիների գերության մեջ պահելը, ինչը ոչ միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի կոպիտ խախտում է, այլ նաև միջազգային մարդասիրական իրավունքի: Խեղաթյուրելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթները՝ Ադրբեջանը ուռճացնում է միջանցքի գաղափարը՝ բարձրաձայնելով ուժի կիրառման սպառնալիքների մասին։
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ուժային ճանապարհով: Հակամարտության կարգավորմանը կարելի է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով՝ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում։
Իրավիճակը լիցքաթափելու և տարածաշրջանի խաղաղ զարգացման փուլ մտնելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում որդեգրի՝ հրաժարվելով ատելության քաղաքականությունից, ագրեսիվ հռետորաբանությունից և թշնամական գործողություններից»,- ասել է Մհեր Գրիգորյանը։