ԱՀ Մարտակերտ քաղաքի բնակիչ Է.Գ.-ն 2020թ. հունիսի 03-ի լույս գիշերը ապօրինի մուտք է գործել ուրիշի առանձնատուն և գաղտնի հափշտակել ոսկյա զարդեր ու արտարժույթ՝ պատճառելով Գ.Հ-ին խոշոր չափերի հասնող՝ ընդհանուր 945.981 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս: Այս մասին հայտնել է Արցախի դատախազությունը:
Է.Գ-ն 2021թ. փետրվար ամսվա սկզբներին ևս Մարտակերտի բնակիչ Հ.Ս-ի կողմից ժամանակավոր բնակեցվող առանձնատանն ականատես լինելով վերջինիս ու Ն.Բ-ի միջև ծագած վիճաբանությանը, որի ընթացքում Հ.Ս-ն իր մոտ ապօրինի պահվող` ռազմաթերք հանդիսացող «Ф-1» տեսակի մարտական նռնակը պայթեցնելու սպառնալիքներ է հնչեցրել, ձեռքից վերցրել է այն, առանձնացրել մարտական պայթուցիչն ու այն ապօրինի կերպով պահել իր մոտ:
Իսկ արդեն 2021թ. փետրվարի 17-ին, ժամը 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, Է.Գ-ն ներկայացել է Հ.Ս.-ի ժամանակավոր բնակեցվող առանձնատուն և վիճաբանության մեջ մտնելով նրա հետ՝ իր մոտ պահվող խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով ստացած վերքերից Հ.Ս.-ն տեղում մահացել է:
Այնուհետև, նախապես տեղյակ լինելով սպանվածի մոտ առկա նռնակի մասին, Է.Գ.-ն մտել է առանձնատան առաջին հարկում գտնվող ննջասենյակ, այնտեղից հափշտակել վերջինիս պատկանող «Ф-1» տեսակի մարտական նռնակը և այն ապօրինի պահել իր տանը:
Է.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (Գողություն, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով), ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանություն), ԱՀ քրեական օրենսգրքի 248-րդ հոդվածի 1-ին մասով (Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) և ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործությունների կատարման համար:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։