Արցախի ՄԻՊ-ը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը, որն, ի թիվս այլի, հաստատում է, որ հայերի նկատմամբ ռասայական ատելությունն ու խտրականությունը հրահրվում և խթանվում են Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից։ Դատարանի որոշումն ապացուցում է Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասայական ատելության և խտրականության պետական քաղաքականության գոյությունը։ Այս մասին հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Նա նշել է, որ հայերի դեմ Ադրբեջանի հարձակումները՝ ներառյալ խոշտանգումները, սպանությունները և անմարդկային վերաբերմունքը, իրականացվում են համաձայն կամ ի խթանումն հայերի հիմնարար իրավունքների համակարգային և լայնածավալ ոտնահարման ադրբեջանական պետական քաղաքականության։
«Անցած տասնամյակների ընթացքում Ադրբեջանը ոչ միայն միտումնավոր կերպով չի ձեռնարկել գործողություններ հայերի դեմ հանցագործություններ կատարած անձանց պատժելու ուղղությամբ, ինչն ինքնին նշանակում է խրախուսել նման հանցագործությունները, այլև բացահայտ և միտումնավոր քաջալերել է հայերի դեմ ուղղված ցանկացած հանցավոր գործողություն»,- գրել է Ստեփանյանը:
Նա ընդգծել է, որ ազգային կամ էթնիկ ծագմամբ հայերի նկատմամբ իրականացված հանցագործությունների լայնածավալ և համակարգային բնույթը, ներառյալ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների դեմ կոպտագույն ոտնձգությունները, ինչպես նաև նման պետական քաղաքականության առկայությունը Ադրբեջանի խտրական գործողությունները որակում են որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություններ։