Ադրբեջանական զինուժն այսօր՝ ժամը 14:30-ի սահմաններում, հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթ է բացել Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ: Այս մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։
Խաղաղ բնակչությանը թիրախավորելու հերթական սադրանքից՝ Կ.Շուկայի համայնքային գործող մանկապարտեզի հարևանությամբ այրվել է կայանված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում ևս հայտնվել են կրակոցների թիրախում: Մոտ 10 րոպե տևած կրակահերթերից, նախնական տվյալներով, տուժածներ չկան:
Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են մեքենայի բեռնախցիկ թափանցած գնդակները:
Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների ծառայողները:
Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար կայուն է:
Նշենք, որ ավելի վաղ ԱՀ ՄԻՊ աշխատակազմից Armenia Today-ին հաստատել էին, որ ադրբեջանական կողմը կրակ է բացել գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհվել է մանկապարտեզի հարակից տարածքում կայանված քաղաքացիական անձին պատկանող ավտոմեքենան։