Մեր այսօրվա հավաքի հիմնական պատճառն այն է, թե ինչու մեզ մինչ այժմ միջազգայնորեն չի տրամադրվում փախստականի կարգավիճակ։ Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում Armenia Today-ի թղթակցին ասաց Շուշի հայրենակցական միության ղեկավար Աշոտ Հարությունյանը, որը մի խումբ շուշեցիների հետ բողոի ակցիա է իրականացնում այնտեղ։ Նրա խոսքով՝ իրենք անընդհատ կենտրոնացած են եղել սոցիալական խնդիրների վրա՝ մոռանալով ամենակարևոր քաղաքական խնդիրը։
Նա ասաց, որ այսօր մի կողմ են դնում բոլոր սոցիալական հարցերն ու կենտրոնանում քաղաքական այդ լուրջ հարցի վրա, որի լուծումը մի շարք հարցեր է լուծում։ Դրանցից մեկն այն է, որ միջազգային հանրությունը ընդունում է, որ Շուշին զավթվել է, ինչի հետևանքով բնակիչները լքել են բնակավայրն ու փախստականի կարգավիճակում գտնվում են ՀՀ-ում։ Սա, Հարությունյանի խոսքով, բանակցային բոլոր գործընթացների համար կարևոր խաղաթուղթ կլինի։ Նա տեղեկացրեց, որ վաղն էլ հադրութցիների հետ են դուրս գալու ցույցի։
«Կառավարությանը խնդրագիր ենք ներկայացրել, որպեսզի ակտիվիստներին ընդունեն՝ բարձրաձայնելու այս հարցը»,- ասաց ցուցարարը և հավելեց, որ հետո շարժվելու են ՄԱԿ գրասենյակի ՀՀ ներկայացուցչություն, հետո ԱԳՆ, ապա ՌԴ դեսպանատուն։ Ամենուր ներկայացնելու են բողոք առ այն, որ Շուշիից 93-ին հեռացած ադրբեջանցի թուրքերին փախստականի կարգավիճակ տրվել է, իսկ իրենց՝ ոչ։
Մանրամասները՝ տեսանյութում։