Փետրվարի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ-ից։
Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը նախ շնորհավորել է Արցախյան ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի առիթով։
Անդրադառնալով Արման Թաթոյանի իրավապաշտպան, անաչառ գործունեությանը՝ ԱԺ նախագահը բարձր է գնահատել պաշտպանի կողմից արվող վերլուծություններն ու հայտարարությունները, զեկույցներն ու հրապարակումները։
ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել Ա․ Թաթոյանին առանձնապես փաստահավաք գործունեության և միջազգային հարթակներում Արցախն ու Արցախի խնդիրները հավուր պատշաճի ներկայացնելու համար։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև պատերազմական և հետպատերազմյան իրողություններին, անվտանգային խնդիրներին ու սպառնալիքներին, Ադրբեջանի կողմից տարվող հայատյաց քաղաքականության նոր դրսևորումներին։
Կարևորելով նման հանդիպումներն ու քննարկումները՝ ՀՀ իրավապաշտպանն ընդգծել է հատկապես ՀՀ և ԱՀ նույն կառույցների համագործակցությունն ու համատեղ գործունեությունը։
Արման Թաթոյանը համոզմունք է հայտնել, որ անկախ ունեցած կարգավիճակից՝ իր հետագա գործունեությունը ևս ուղղված կլինի իրավապաշտպանությանը։
Իր խոսքում Թաթոյանն անդրադարձել է փաստահավաք առաքելությանը՝ պատերազմական հանցագործությունները փաստագրելու գործում կարևորելով Արցախի իշխանությունների, մասնավորապես՝ խորհրդարանականների աջակցությունը։
Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Արման Թաթոյանն անդրադարձել է նաև Հայաստանում տիրող իրավիճակին, Ադրբեջանի սանձարձակ պահվածքին ու անհրաժեշտ պատասխան գործողություններին