Արցախի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ՝ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով Ուկրաինայի Կիևի և Զապորոժյեի շրջանների բնակիչներին 14 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել։ Այս մասին հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը։
Ըստ հաղորդագրության՝ օգնությունը տեղական արտադրության առաջին անհրաժեշտության ապրանքների տեսքով է:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն է սկսել Ուկրաինայի ապառազմականացման համար։ Ռուսներին ուղղված հեռուստաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ հանգամանքները «պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ․ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքի վրա հարձակվելու մեջ և ռազմական դրություն է մտցրել ամբողջ երկրում՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։