Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները մարտի 7֊ին` ժամը 18։45֊ի սահմաններում, գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության հյուսիս֊արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հերթական կեղծիքն է: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Սա հրադադարի ռեժիմի սեփական խախտումները կոծկելու փորձ է: Ասված է ԱՀ ՊՆ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը վերջին շրջանում պարբերաբար կրակ է բացում Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի ուղղությամբ:
Հիշեցնենք նմար, որ փետրվարի 5-ին ադրբեջանական կողմը կրակ էր բացել «Ապագա սերունդներ» հիմնադրամի ՍՊԸ-ի աշխատակիցների ուղղությամբ, որոնք այդ պահին հողային աշխատանքներ էին իրականացնում: Փետրվարի 25-26-ը ադրբեջանցիները բարձրախոսներով հայերեն լեզվով պահանջում էին համայնքի բնակիչներից լքել գյուղը՝ հայտարարելով, որ պատասխանատվություն չեն կրում հետագա գործողությունների համար: Ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները դադարեցվել են ռուս խաղաղապահների միջամտությունից հետո: